

«Սարի» բիթեր՝ հայկական լեռների արմատներով․ Շանթ Մելքոնյանի հեղինակային հայկական բիթերները
Ի՞նչպես առաջացավ հեղինակային «Սարի» բիթերների ստեղծման միտքը։ Ի՞նչ են դրանք իրենցից ներկայացնում։
Քանի որ արդեն 14 տարի է ինչ աշխատում էի բարմեն և իմ ոլորտում ունեի բավականին մեծ փորձ, ցանկություն առաջացավ ստեղծել հեղինակային որևէ բան, որն իմ հետքը կթողի կոկտեյլների պատրաստման պատմության մեջ։ Այդ ժամանակահատվածում շատ էի զբաղվում լեռնագնացությամբ, սարերից հավաքում էի տարբեր խոտաբույսեր և փորձում դրանցով ստանալ թուրմ կամ օշարակ, որպեսզի նոր կոկտեյլների պատրաստեմ։ Քանի որ բավականին նոր համեր էի ստանում նոր խոտաբույսերի շնորհիվ, ինչու ոչ, որոշեցի ստեղծել իմ հեղինակային կոկտեյլների հավելումները՝ «Սարի» բիթերները։ Ինչու՞ «Սարի», որովհետև ես ինքս այդ ընթացքում հասցրի դառնալ լեռնագնաց և բարձրացա իմ երազանքի նպատակակետ՝ Արարատ։ Սարերից ոգեշնչվելով՝ ընտրեցի հենց «Սարի»-ն։ Ժամանակ առ ժամանակ ընկերերիցս մեկի հետ բարձրանում էինք տարբեր գագաթներ․ ամենահիշվողը Աժդահակն է եղել։ Այնտեղից հավաքում էինք բազմատեսակ խոտաբույսեր, հետո այցելում հարակից գյուղեր և հարցնում տեղացիներից խոտաբույսերի ծագման մասին։ Խոտաբույսերի երկար ուսումնասիրությունից հետո ստացանք 3 տեսակի «Սարի» բիթերներ։ Բիթերը տառի անվանում է․ այն շատերին հայտնի էլիքսիրն է։ Այն կոկտեյլին ավելացվում է 3-4 կաթիլ։ Բիթերի հիմնական տարբերությունն այն է, որ այն ամբողջովին բաղկացած է խոտաբույսերից, ծաղիկներից, արմատներից և ունի դառը համ։ Առաջին «Սարի» բիթերը «Violet»-ն է, որն իր մեջ պարունակում է 5 տեսակի խոտաբույս, արմատ և ծաղիկ։ Երկրորդը՝ «Rose»-ն է, որի մեջ կա 7 տեսակի խոտաբույս, արմատ, ծաղիկ և վերջինը «33»-ն է, դրա մեջ ոչ մի բաղադրիչ դոմինանտ չէ և պարունակում է 33 տեսակի խոտաբույս, արմատ, ծաղիկ։ Բոլոր բիթերների հիմքը ալոճի բրենդին է։ Իրականում այս ամենի վերջնական նպատակը ինձ համար լիովին հայկական ծագման խոտաբույսերով սեփական ապերիտիվ ստեղծելն է, որը հավանաբար մյուս տարի արդեն կարտադրվի։
Արդյո՞ք կա որևէ կարևոր հիշողություն կապված «Սարի» բիթերների ստեղծման հետ։
Իրականում առաջին անգամ երբ բարում հանդիպեցի բիթեր ասվածին, այն ինձ շատ գրավեց և զարմացրեց, որովհետև ընդամենը 3-4 կաթիլը կարողանում էր փոխել ողջ կոկտեյլը՝ նրան տալով հրաշալի և չկրկնվող համ։ Իսկ թե ինչու սկսեցի ուսումնասիրել ապերիտիվի թեմաները, որովհետև ապերիտիվը միշտ եղել է իմ ամենասիրելի խմիչքը, այդ պատճառով էլ սկսեցի ստեղծել իմ սեփականը։
Ի՞նչ եք ակնկալում բիթերները պատրասողներից և համտեսողներից։
Առաջին հերթին բիթերների ստեղծումից չեմ ունեցել որևէ բիզնես ակնկալիք, այն ինձ համար առաջին հերթին եղել է փորձի փոխանակման և իմ սեփական տարիների փորձի կիսվելու միջոց։ Շատ եմ ցանկանում, որպեսզի իմ բիթերները օգտագործեն այն մարդիկ, ովքեր հասկանում են դրա օգտագործման բնույթը և նպատակը, որովհետև ոչ ոլորտի մարդուն շատ դժվար կլինի բացատրել, թե բիթերը ինչ է իրենից ներկայացնում։ Կարծում եմ առաջին հերթին այն պետք է զգալ, իսկ դա անել կարող են միայն բարմենները։
Եթե Ձեր կոկտեյլը լիներ ֆիլմ կամ երգ, ի՞նչ անվանում կունենար և ինչու՞։
Չգիտեմ ինչու, բայց James Bond-ի սիրելի մարտինիի պատվերի երկտողը հիշեցի՝ «dry martini, shaken, not stirred»։ Իրականում բիթերները շատ հին պատմություն ունեն, կարծում եմ դրանք ինչ-որ հին իտալական ֆիմում կարող էին հանդիպել։ Իրականում ինքս շատ կցանկանայի վավերագրական ֆիլմ նկարել բիթերների մասին, որպեսզի մարդկանց ավելի հեշտ լիներ հասկանալ դրանց բնույթը և արժեքը։
Եթե կարողանայիք պատրաստել կոկտեյլ ցանկացած հայտնի արտիստի համար, ո՞ւմ և ի՞նչ ըմպելիք կպատրաստեիք։
Իրականում ինձ համար իմ ամենամեծ արտիստը իմ հյուրն է, ով եկել է հենց իմ կոկտեյլը փորձարկելու։ Բիթերների շնորհիվ ես կարող եմ այնպես անել, որ հյուրը համտեսելուց հետո ինքն իրեն արտիստ զգա և նաև իր դիմաց տեսնի արտիստի։

Article by Christine Gh.